Հասարակական հարաբերությունների զարգացման և ժամանակի մարտահրավերներին համընթաց իրավական դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման ոլորտը կարգավորող օրենսդրության՝ /«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում և ՀՀ կառավարության 25.12.1998թ.«Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշման/ մեջ  2022 թ․ կատարվել են բարեփոխումներ։ 

 Որպես կարևորագույն փոփոխություններ հարկ է մատնանշել.                                                                                                                     

 1.   Առողջական վիճակի բերումով ժամանակավորապես անգիտակից վիճակում գտնվող կամ շարժվելու և (կամ) կոգնիտիվ ունակությունը ժամանակավորապես կամ մշտական կորցրած անձանց անձնագիր տրամադրելու հնարավորությունը մերձավոր ազգականների (հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ) դիմումի կամ ստացիոնար բուժման մեջ գտնվելու դեպքում՝ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա:                                                                                                             

Փոփոխության նպատակը քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքի ապահովումն է այն դեպքերում, երբ բժշկական հաստատությունում անգիտակից վիճակում գտնվող կամ հիվանդությամբ պայմանավորված /կոգնիտիվ և շարժողական խնդիրների հետևանքով/՝ շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած քաղաքացին, չունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ, չի կարողանում իրացնել բժշկական, սոցիալական, արտերկրում բուժում ստանալու նպատակով ՀՀ պետական սահմանը հատելու և այլ իրավունքներ:                                                                                                                                         

Խնդիրն առավել ցայտուն արտահայտվեց 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո՝ Արցախյան պատերազմում վիրավորված և անգիտակից վիճակում բժշկական հաստատություններում գտնվող քաղաքացիներին անձնագիր տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ 

 

2.  Կատարված փոփոխությունների արդյունքում մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարեկանը լրացած արական սեռի քաղաքացիներին անձնագրերը ներկայումս տրամադրվում են միչև նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:                                                 

Հիշյալ փոփոխությունները կատարվել են պաշտպանության ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ կիրառվող իրավադրույթներին համապատասխանեցվելու, ինչպես նաեւ միջին մասնագիտական ծրագրով վարժարաններում եւ այլ ուսումնական հաստատություններում ուսանող կամ արդեն իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիներին ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

 

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00