ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <<ՀՀ քաղաքացիության մասին>> ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշմամբ:

Քաղաքացին ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու մասին դիմումը և օրենքով սահմանված փաստաթղթերը անձամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

 

1) դիմում-հարցաթերթ.

2) օտարերկրյա պետության կողմից տրված վավեր անձնագիր և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը.

7) իր զավակի ծննդյան վկայականը և դրա պատճենը և զավակի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հավաստող այլ փաստաթուղթ

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. սույն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ.

9) սույն կետի 8-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր են համարվում նաև սույն կետի 2-րդ, 4-րդ և 10-րդ ենթակետերով նախատեսված` ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող փաստաթղթերը.

10) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը

11) փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

12) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը կամ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

13) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

 

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) դիմում-հարցաթերթ.

2) վավեր անձնագիր և դրա պատճենը.

3) ծննդյան վկայականը և դրա պատճենը,

4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.

7) զինվորական գրքույկը (զինապարտ քաղաքացիների համար).

8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

9) այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիր և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը.

10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե դիմումատուն չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունը:

 

3. Երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) դիմում-հարցաթերթ.

2) երեխայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու վավեր անձնագիրը և դրա պատճենը.

3) դիմող ծնողի  վավեր անձնագիրը և դրա պատճենը.

4) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

5) ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ փաստաթուղթ և դրա պատճենը.

6) երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը.

7) մյուս ծնողի համաձայնությունը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե ծնողներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ընդ որում, ծնողի կողմից համաձայնությունը վարչությունում կամ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկում անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում ներկայացվում է համաձայնության՝ և օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.

8) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը.

9) երեխայի՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում տվյալ պետության իրավասու մարմնի կողմից տրված վավեր անձնագիրը.

10) օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին, եթե երեխան չունի այլ պետության քաղաքացիություն և դրա օրենքով սահմանված կարգով կատարված և հաստատված հայերեն թարգմանությունը.

11) Տասնչորսից մինչև տասնութ տարեկան երեխայի գրավոր համաձայնությունը:

 

ՀՀ քաղաքացիություն ստանալու  և դադարեցնելու համար պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում դիմումատուն ներկայացնում է նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները:  

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00