2022 թվականի հունիսի 25-ից ուժի մեջ են մտնում «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց նպատակը քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված հարաբերություններում  մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է, այս ուղղությամբ իրականացվող վարչարարության պարզեցումն ու իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումը։ Մասնավորապես, նոր փոփոխությունները միտված են հետևյալ հարցերի կարգավորմանը՝

- ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող անձանց իրավունքների արագ և լիարժեք իրացումն ապահովելու նպատակով դիմումների քննարկման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվել է 90 աշխատանքային օր։

- ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունք է վերապահվել առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում,  այնպես էլ օտարերկրյա պետություններում գործող դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում։

- Հայաստանի Հանրապետությունում բնակվում են ազգությամբ հայեր կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներ, որոնք չունեն որևէ երկրի քաղաքացիություն և դիմում են ՀՀ ոստիկանություն՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու և անձը հաստատող փաստաթղթով փաստաթղթավորվելու համար, ուստի նշված կատեգորիայի անձանց համար սահմանվել է մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դիմում ներկայացնելու հնարավորություն։

- Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ ունեցող անձին իրավունք է վերապահվել է ՀՀ քաղաքացիություն ստանալ առանց հայերեն լեզվով բացատրվելու և օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես ՀՀ-ում բնակվելու պահանջների պահպանման /նախկինում նշված նորմը տարածվում էր միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անչափահաս երեխա ունեցող անձանց նկատմամբ/։

- Սկզբունքային նոր կարգավորումներ են նախատեսվել նաև ՀՀ քաղաքացիությունը փոխելու հետ կապված հարաբերություններում, մասնավորապես սահմանվել է հիմք համաձայն որի՝ այն դեպքում, երբ անձը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելիս ներկայացրել է օտարերկրյա պետության անձնագիր, ապա նրա քաղաքացիությունը դադարեցված է համարվելու ՀՀ Նախագահի հրամանագիրը ծանուցելու պահից, իսկ եթե ներկայացրել է  օտարերկրյա պետության կողմից տրված՝ տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ փաստաթուղթ /հավաստում/, ապա ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու ապացույցը (օտարերկրյա պետության անձնագիր կամ իրավասու մարմնի կողմից տրված այլ փաստաթուղթ՝ նրա այդ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ) լիազոր մարմին ներկայացնելու պահից։

Նշված փոփոխությունը միտված է ՀՀ-ում ապաքաղաքացիության կրճատմանը, քանի որ պրակտիկայում ՀՀ քաղաքացիները հաճախ դադարեցնում են քաղաքացիությունը՝ ներկայացնելով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տված գրավոր հավաստումը (տեղեկանք) տվյալ պետության քաղաքացիություն ձեռք բերելու հնարավորության մասին, սակայն արդյունքում տարբեր պատճառներով ձեռք չեն բերում տվյալ պետության քաղաքացիությունը՝ փաստացի հայտնվելով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում: Առանց անձը հաստատող վավեր որևէ փաստաթղթի այս անձինք հնարավորություն չեն ունենում իրացնել իրենց հիմնարար իրավունքները (սոցիալական, կրթական և այլն) և հարկադրված դիմում են ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն՝ քաղաքացիություն չունեցող անձի վկայականով փաստաթղթավորվելու համար։ Ավելին, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելուց հետո ծնողները դիմում և դադարեցնում են նաև երեխաների քաղաքացիությունը, որոնք ձեռք չբերելով այլ պետության քաղաքացիություն նույնպես հայտնվում են քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակում։

- նոր կարգավորումներ են նախատեսվել նաև այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավական հնարավորության մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հավաստում (տեղեկանք) ներկայացնելու համար սահմանված ժամկետներում։ Այսպես, եթե նախկինում անձը կարող էր քաղաքացիությունը դադարեցնելու համար պահանջվող հավաստումը ներկայացնել օրենքով ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված 6-ամսյա ժամկետում, ապա նոր կարգավորումներով սահմանվել է եռամսյա ժամկետ։

Վերոգրյալ, ինչպես նաև օրենքում և դրանից բխող ենթաօրենդրական ակտերում կատարված մի շարք այլ փոփոխությունների արդունքում պարզեցվել և հստակեցվել է ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու և դադարեցնելու գործընթացքում իրականացվող վարչարարությունը։

 

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00