Սույն թվականի նոյեմբերի 14-ից ԱՎ վարչությունում ներդրվել է էլեկտրոնային հերթագրման համակարգ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումներ ներկայացնելու, ՀՀ քաղաքացիություն ստացած անձին առաջին անգամ անձնագրավորելու, ինչպես նաև այս ոլորտում խորհրդատվության տրամադրումն իրականացնելու համար։

Շուրջ 10 օր էլեկտրոնային հերթագրման եղանակով սպասարկում իրականացնելու արդյունքում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էապես բարելավվել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, քանի որ վարչությունում առկա չեն կուտակումներ, հերթեր, յուրաքանչյուր քաղաքացի անձնագրային և վիզաների վարչություն այցելում է իր հերթագրման օրը և ժամին, տեղում սպասարկվում, ինչն էլ իր հերթին բացառում է հերթում սպասելու և անհարկի ժամանակ կորցնելու հետ կապված դժգոհությունները։ Բացի այդ քաղաքացիները ստիպված չեն լինում ցուրտ եղանակային պայմաններում 3-4 ժամ առաջ այցելել ԱՎ վարչություն, որպեսզի կարողանան աշխատանքային ժամը սկսվելուն պես հերթագրվել ու տվյալ օրը սպասարկվել, ընդ որում՝ մի մասն այդքան ժամանակ սպասելուց հետո հնարավորություն չէր ունենում ձեռք բերել հերթագրման կտրոն, ինչն էլ իր հերթին լրացուցիչ դժգոհությունների առիթ էր տալիս։ Էլեկտրոնային հերթագրման արդյունքում վերացել է նաև այս խնդիրը։

Փաստելով այն հանգամանքը, որ էլեկտրոնային հերթագրման համակարգը էապես ազդել է սպասարկման որակի վրա, բեռնաթափել հերթերը, ներկայումս աշխատանքներ են տարվում հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը փուլ առ փուլ վարչության անձնագրային բաժնում, այնուհետև Երևան քաղաքի և մարզկենտրոնների տարածքային ստորաբաժանումներում ներդնելու ուղղությամբ։

Հիշեցում. ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումներ ներկայացնելու, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորելու, ինչպես նաև այս ոլորտում խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է հերթագրվել e-request.am հարթակով՝ անձնագրային և վիզաների վարչություն այց ամրագրելու եղանակով։

Յուրաքանչյուր դիմումատու հերթագրման համար պետք է լրացնի բացառապես իր անհատական տվյալները, քանի որ այլ անձանց տվյալներով հերթագրված դիմումատուները չեն սպասարկվում։

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք
+374-10-370264
երկ․-ուրբաթ՝ 9։00-ից մինչև 17։00, ընդմիջում՝ 14։00-ից մինչև 15։00